Գայանե Փանոսյան

ԳԱՅԱՆԵ ՓԱՆՈՍՅԱՆ

ԿԱՐՈՏԻ ՍՊԻ …

Այնպես խոնավ են ու այնպես` ծավի
Հին երազները Սևանա լճի ,
Երկինքն էլ անգամ թե դուռը բացի`
Չի կարող բանալ լեզուն կարոտի …

Ես էլ երբևէ չեմ կարծել, թե խոր
Սպիներ ունի նա հոգու խորքում ,
Բայց երբ գրկեցի ափերը մի օր
Ձեռքերըս այրեց մի «համըր»կարոտ …

Փորձեցի վշտոտ իր գրկում հանգչել ,
Խառնել արցունքըս նրա ջրերին ,
Բայց ըմբոստացավ լիճը իմ լուսե
Փոթորկվեց նրա նաիրյան հոգին …

Ու ետ քաշվեցի. դժվար էր իրոք
Կարդալ հույզերը` լոկ շոշոփելով ,
Իսկ երբ պատահմամբ ձեռքիս նայեցի
Այնտեղ դաջվել էր մի կապույտ սպի…

ԿԱՐՈՏԻ ԾՈՎ …

Հոգուս երկնքում Լուսին կա պահված
Ու տաք գոլորշի` արցունքից պոկված ,
Թափառող գույներ, որ երկինք հառնել ,
Այնտեղից Սև-Վան բիբերն են ներկել …

Լճի կոպերից արցունք է կախվել ,
Նրա աչքերը բաց են մնացել ,
Նա էլ է ինձ պես երազի ծովում
Մոլորվել հանկարծ ու ելք չի գտնում …

Լիճը լավ գիտի լեզուն կարոտի ,
Իր մեջ է պահում գաղտնիք մի լռին ,
Դա թաքնված է նրա խորքերում ,
Սրտի պես խորունկ գունեղ շերտերում …

Իմ Վանա ծովի կարոտն է հաճախ
Ծփում խելագար նրա ափերում ,
Ու մոլեգնում է լիճը Սևանա ,
Քարերին թողնում մորմոքը հոգու …

Դրա համար էլ կապույտի թևով
Կամ թեկուզ հեռվից վրձնի հարվածով
Ուր էլ խտանան գույները մի օր
Կհառնեն որպես կարոտի խոր ծով …

ՄԻ ՀԻՆ ԿԱՐՈՏ…

Մի հին կարոտ կանչում է ինձ, ձեռքով անում ,
Մի հին կարոտ ապրում է միշտ սրտիս խորքում …
Չեմ հասկանում հաճախ կարծես նրա լեզուն .
Գաղտինք ունի,թե` շատ է հին, շատ` անանուն …

Մի հին կարոտ ինձ տանում է ճամփով անհայտ ,
Մի հին կարոտ շղթաներ է նետում հանկարծ …
Ոտքերըս` թույլ, լեզուս` կապված, հոգիս` անկամ .
Գերությունն այդ, բայց, ինչու է ինձ … հարազատ …

Մի հին կարոտ ինձ թողնում է ու …հեռանում ,
Մի հին կարոտ չի հասկանում` ինչ է անում ,
Որովհետև այն իմ արյանն է խառնվել .
Ես չեմ կարող նրան ինձնից կիսել, բեկել …

Մի հին կարոտ ուր էլ գնա, կգա ինձ մոտ ,
Կպարգևի ճառագայթներ դեռ արևոտ …
Վերադարձին կհասկանամ նրա լեզուն ,
Կվերծանեմ ամեն մասնիկ, ամեն հնչյուն …

Մի հին կարոտ, համաձայն եմ, թող տեր դառնա ,
Իշխի հոգուս, տիրի սրտիս, միայն` մնա …
Որ գույները իմ խենթ կյանքում չպակասեն ,
Տիեզերքում մի հին ու նոր կարոտ հյուսեն …

ՀՈԳՈՒՍ ԳՈՒՅՆԵՐԸ …

Հոգուս երկինքը ամպել է նորից ,
Կծկվել իր մեջ, բարուրվել մեկից ,
Թե ինչ է ուզում, որ ես չեմ տվել ,
Ամպերի գորշը պատել է և ինձ …

Հոգուս աչքերը մշուշվել են լուռ ,
Դարձել արցունքի համար մի նոր տուն ,
Որտեղից գտավ այն խենթիս հասցեն ,
Չգիտեմ անգամ` ես ում մեղադրեմ …

Հոգուս շուրթերը համր են ու կարկամ ,
Հնչյունաթափ է բառերի ճամփան ,
Տառերն էլ եթե լապտերներ դառնան ,
Չի բացվի, մեկ է, լեզուն կապկապված …

………………………………….

Հոգուս գույներն են անփոփոխ միայն ,
Շող են երկնքում, լույս` աչքի համար ,
Կբացեն նույնիսկ լեզուն համրացած ,
Եթե ԿԱՊՈՒՅՏԻՆ …թողնեն անվնաս…

ՋՈՒԹԱԿԻ ԵՐԳԸ…

Չգիտեմ` ջութակն ինչպես են վերցնում ,
Ինչ կախարդանքով մեղեդի ձուլում ,
Ինչից է, որ այն մատների ներքո
Դառնում է աղոթք ու դառնում ներբող …

Չգիտեմ` ջութակն իմ ինչին է պետք ,
Թե երգը նրա էլ ինձ չի թովում ,
Երբ նրա լարից ծնված մեղեդին
Սրտիս ռիթմերը չի  հանգավորում …

Դու գիտես` ջութակն ինչու է լալիս ,
Գուցե մատներըդ են միամիտ դիպել
Նըրա բաց հոգու խոնավ պատերին
Ու չեն նկատել, զգույշ չեն եղել …

Բայց ինձ թվում է, թե դեռ ջութակի
Անտես կարոտից հառնած երգը հին
Կըդառնա վերում սավառնող արծիվ
Ու կըհնչեցնի հոգուս մեղեդին …

9 комментариев

9 thoughts on “Գայանե Փանոսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s