143. Երբ լռելն անգամ ցավոտ է դառնում

Երբ լռելն անգամ ցավոտ է դառնում,
Անզուսպ գոռալուց ավելի ցավոտ,
Երբ, որ կարոտից արնոտ բերանում
Բառերը դառնում են լռություն քարոտ:
Մնում է միայն աղոթել լռին
Եվ ապավինել հրաշքին այն խենթ,
Որ մի կեսգիշեր լուսավոր մթին
Կրկին կլինեմ քո աչքերի հետ:
Երբ լռությունը ցավոտ է դառնում
Բացատրվելուց ավելի ցավոտ,
Երբ որ կարոտից ցամաքած սրտում
Լսվում են միայն բաբախներ ժայռոտ:
Մնում է միայն աղոթել լռին
Եվ ապավինել լույսին բարության,
Որ հեռվում կորցրած քո գրկում կրկին
Ես կմոխրանամ, կհալվեմ անձայն:
Երբ լռությունը դառնում է ցավոտ,
Եվ ցավն այդ զրկում խոսելուց անգամ,
Երբ մնում է քեզ շշունջ արյունոտ,
Կարոտաթաթախ հառանչանք ունայն:
Աղոթքներն են քեզ մտերիմ դառնում
Խոր անդունդներից վեր հանում էլի
Եվ հենց այդժամ ենք մենք նոր հասկանում
Որ չկա ոչ ոք Աստծուց ավելի:
Բայց ես, խելառս փորձում եմ էլի
Սիրել, կարոտելի ջերմությունդ խենթ
Փոքր ինչ պակաս, փոքր ինչ ավելի
Ուզում եմ մնաս իմ աղոթքի հետ:

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.