063. Քո աչքերը

Քո աչքերի խորությամբ ես կարոտն եմ իմ չափում,

Կյանքս լցնում գույներով՝ քո աչքերի խենթության,

Քո աչքերի հեզությամբ երազներն եմ իմ հյուսում

Եվ պարուրվում աչքերիդ խորհրդավոր մոգությամբ:

 

Հեռուներում աչքերիդ թափառում եմ ես անտես,

Մաքառելով քո հոգու հողմերի դեմ աննկատ,

Երազելով, որ մի օր իմ կարոտից կարտասվես

Եվ արցունքներ կթափվեն աչքերիցդ հուսահատ:

 

Երբ մատներդ կհպվեն կաթիլներին արցունքիդ

Եվ մի տեսակ անսովոր կթվա քեզ հեղուկն այդ

Չես կռահի, որ գուցէ հեռուներից աչքերիդ

Արցունքներիդ փոխարեն ես եմ ծորում հուսահատ:

 

Եվ շփելով մտազբաղ քո մատները առնական,

Ինձ գոլորշի կդարձնես, կտաս քամուն, արևին,

Որ երազիս երկնքից անձրևի պես դյութական

Նոր թափ առած ես սուրամ և ցած թափվեմ վերստին:

 

Կրկին լցվեմ ՝ կաթ առ կաթ, օվկիանոսը աչքերիդ

Դանդաղ հանգչեմ ես նրանց խոր հատակում լուսավոր,

Վերածնվեմ վերստին հեռուներում աչքերիդ,

Նրանց լույսը պաշտելով՝ իմ կույր հոգով վիրավոր…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.