102. Աչքերիդ պես

Այնպես, ինչպես լուսաբացն է ցրում մութը գիշերվա,
Հենց այդպես էլ քո աչքերը մութ կարոտս ցրեցին,
Այնպես, ինչպես խենթ հեքիաթն է ծիածանվում նոր օրվա,
Հենց այդպես էլ քո աչքերն ինձ խենթ գույներով ներկեցին:

Եվ հենց այդ ժամ ես հասկացա, որ սիրելս իզուր չէր,
Որ քեզանով իմ ապրելը` ի վերուստ էր շնորհված,
Քո կարոտի լաբիրինթում մոլորվելս` խորհուրդ էր,
Իսկ քեզ նորից հանդիպելս` դեռ վաղուց էր որոշված:

Քո հեքիաթը փայփայելը, կարծես ինձ էր վստահված,
Որ ավարտեմ այն խենթությամբ, որ հանկարծ չկործանեմ,
Քո ծիծաղի մոգությունն էլ այնքան ճիշտ էր հորինված,
Որ նրանով ապրեմ կյանքում և ողջ կյանքս վերծանեմ:

Այնպես, ինչպես լուսաբացն է ցրում մութը գիշերվա,
Հենց այպես էլ քո ծիծաղն է կյանքիս ամպերը ցրում,
Այնպես, ինչպես խենթ իմաստն է ծիածանվում նոր օրվա,
Հենց այդպես էլ քո ծիծաղն է իմ ողջ օրը պարուրում…

30.12.2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.