145. Ինքս եմ հորինել

Գիտես, ողջ գիշեր քեզ հետ եմ եղել,
Շնչել մարմնիդ ջերմությունը խենթ,
Պառկել քո կողքին, քեզ ամուր գրկել,
Ու լուռ խառնվել երազներիդ հետ:

Քո արտաշունչը որսացել մթում,
Քո շունչը փորձել մթում հասկանալ,
Վերածնվել եմ քո ամեն շնչում,
Արտաշնչիդ հետ փորձել վերանալ:

Գիտես, ողջ գիշեր քեզ հետ եմ եղել,
Եվ անզուսպ շոյել մարմինդ մարմար,
Հետո անզգուշ շուրթերիդ հպվել,
Ու խոնավացրել շուրթերս ծարավ:

Շուրթերիդ ամեն ծալքում ծպտվել,
Ամեն ծալքի մեջ մտորել երկար,
Դու ես իմ կյանքը այսպես հորինել,
Թե հորինել են քեզ հենց ինձ համար:

Գիտես, ողջ գիշեր քեզ հետ եմ եղել,
Կարծես եղել եմ ես ինքս իմ հետ,
Խենթ գոյությանս իմաստը պեղել,
Քո գոյությանը ձուլվելով անհետ:

Քո երազներից կառչել եմ երկար,
Քո գիշերներում արմատներ գցել,
Քո երազներում դարձել խելագար,
Քեզ հորինելով ինքս հորինվել:

26.01.2015թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.