045. Որքան էլ ներկաս…

Որքան էլ ներկաս քեզանով լցնեմ,
Մեկ է, անցյալս է քեզնով ցնծալու…
Ապագաս որքան էլ քեզանով կերտեմ,
Փլատակներ են լոկ ինձ մնալու…

 

Որքան էլ ներկաս քեզանով ներկեմ,
Գալիքի գույները խամրելու են լուռ,
Որքան էլ խելառ երանգներ գտնեմ,
Ինձ մնալու է թախիծ ու մրուր…

 

Որքան էլ ներկաս քեզնով խմորեմ
Լուսե ապագա էլ չի հունցվելու,
Ինչ փականով էլ անցյալը կողպեմ
Դու ջարդելու ես դռներն այդ ամուր:

 

Եվ պատահական-անպատեհ պահի
Հառնելու ես դու աչքերիս առաջ,
Դու` որ խառնել ես ներկաս անցյալին,
Ներկա դառնալուց` զրկել ապագաս:

 

Ես ժամանակը քեզնով եմ չափել,
Ժամանակներում` ճախրել քեզանով,
Քո աչքերով եմ ներկային նայել,
Եղել ներկայում` լոկ քո աչքերով:

 

Երբ դու եղել ես, եղել եմ` ես էլ,
Իսկ երբ դու չկաս, բացակա եմ ես
Եվ ինչ հեքիաթ էլ որ փորձեմ հյուսել
Չքվում է այնտեղ իմ ներկան անտես:

 

Անվերջ կռվելով ժամանակի հետ
Փորձում եմ գտնել վարկյանն այն խորին,
Որ ներկաս ու քեզ լուռ տարավ իր հետ,
Եվ հավերժ փարվել այդ ակընթարթին:

12 ապրիլի 2012թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.