099. Հուշերի փոշին

Երբ ես էլ ոչինչ ոչինչ չունենամ

Քեզ նվիրելու այս խելառ կյանքում

Հուշերի մի մեծ ու խենթ պարկ կտամ,

Որ փայփայել եմ քեզանից թաքուն:

 

Չէ…Ծանրություն չի, բայց քոնն են նրանք

Ինչպես որ քոնն է ամենն իմ կյանքի…

Թող ամեն մեկս մեր ճամփով գնա

Եվ ամեն մեկս մեր պարկը տանի:

 

Ու, երբ ծանրանա բեռը ուսերիդ,

Խնդրում եմ, հանկարծ ինձ չմեղադրես,

Դու ես շաղ տվել փոշին հուշերիդ

Եվ դու էլ նրանք պիտի հավաքես:

 

Շատերի հետ է պատահում այնպես,

Որ ներկան ասես անվերջ է թվում,

Բայց հաջորդ պահին ամեն բան ասես

Խենթ հուշ է դառնում և հոդս ցնդում:

 

Հետո հուշերն այդ` քամիները խենթ,

Փոշիացնում են, մեր շուրջը ցրում,

Եվ մեր կոկորդում փոշի- թույնն այդ խենթ

Քարանում է լուռ և ներսից խեղդում:

 

Ես հավաքել եմ հուշերդ մեկ մեկ,

Իսկ նրանց փոշին արցունքով սրբել,

Լցրել ինձ համար սուրբ մի պարկի մեջ

Եվ թաքուն թաքուն բոլորից պահել:

 

Եվ, երբ հանդիպեմ քեզ կրկին կյանքում,

Երբ նվիրելու ոչինչ չունենամ,

Հուշերի մի պարկ` փայփայած թաքուն,

Ես ափսոսանքով կրկին քեզ կտամ:

 

07 օգոստոսի 2011թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.