100. Ես կամ ու չկամ

Խենթ քամու նման անտես ու թաքուն
Կծնվեմ հոգուդ խորքերում անձայն,
Որ քեզ հետ լինեմ ես ամբողջ կյանքում,
Որ քեզ մոտ լինեմ` երկնքում անգամ…

Անձրևի նման անսանձ, հորդառատ,
Քո երակների միջով կհոսեմ,
Քո գիտակցական կամքին հակառակ
Ես սրտիդ ձայնով անվերջ կխոսեմ:

Արևի նման կշողամ ներսից
Բայց դրսից երբեք քեզ չեմ կուրացնի,
Իսկ, երբ որ մրսես մենության ցրտից
Իմ աղոթքները քեզ կջերմացնի:

Եվ, երբ որ կզգաս մենակ ես արդեն
Եվ քարացել է շուրջդ ամեն բան,
Հրաբուխի պես ներսդ կժայթքեմ`
Զգացնելու համար, որ անտես, բայց` կամ:

Որ գիտակցաբար պարուրվես ինձնով,
Ինքնաբերաբար ինձանով լցվես,
Որ թույլ տաս փոքրինչ ապրեմ քեզանով,
Եվ դու էլ` փոքրինչ ինձանով ապրես:

Իսկ հետո սառչող հրաբուխի պես,
Թող որ քարանամ հոգուդ խորքերում,
Բայց այնքան մեղմիկ և այնքան անտես,
Որքան սամումը` վիհոտ ձորերում…

15,10,2011

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.